«Այս պահին դժվար է ասել, թե Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունից հետո հայկական կողմն ինչ առաջարկներով հանդես կգա տրված երկու շաբաթ ժամկետից հետո»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համանախագահի՝ երեկ Սոչիում արած այն հայտարարությանը, թե Երեւանն ու Բաքուն մոտակա երկու շաբաթների ընթացքում պետք է իրենց առաջարկություններն անեն Մադրիդյան փաստաթղթի՝ դեռեւս չհամաձայնեցված կետերի շուրջ։
Նրա կարծիքով ղարաբաղյան խնդրի լուծման համար տրված ժամկետները եւ հակամարտող կողմերի հանդիպումները ՌԴ նախագահի հետ ավելի շատ ձեւական բնույթ են կրում, եւ պարզ է, որ երկու շաբաթում ո՛չ Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները կփոխվեն, ո՛չ էլ բանակցությունների իմաստը։ «Ռուսական կողմը ձգտում է հնարավորինս շուտ հասնել հակամարտության լուծմանը, հակառակ դեպքում միջազգային հանրության աչքում կընկնեն թե՛ ՌԴ նախագահի, եւ թե՛ Ռուսաստանի վարկանիշները»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ երկու շաբաթում կոնկրետ եզրահանգումների անհնար է հասնել, եւ որպեսզի նախագահների եռակողմ հանդիպումն անարդյունավետ չհամարվի, հայտարարվել է, թե կողմերը համաձայնության են եկել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փաստաթղթի պրեամբուլայի շուրջ։ «Ծիծաղելի է, որ երկու երկրների նախագահները երկու ժամ խոսելուց հետո համաձայնության են գալիս փաստաթղթի պրեամբուլայի շուրջ»,- ամփոփեց Լիբերալ կուսակցության նախագահը։




























