Եթե Բաքուն նոր պատերազմ սկսի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Ադրբեջանը վտանգում է կորցնել իր անկախությունը։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքով, եթե 90- ականների պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կորցրեց 7 շրջան, ապա այս անգամ կարող է կորցնել իր անկախությունը։ Այսօր, նրա խոսքով, Հայաստանի բանակն ավելի ուժեղ է եւ կարող է հուժկու հարված հասցնել։

Ընդունելով այն փաստը, որ այսօր Ադրբեջանն ունի հսկայական մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ, Կարապետյանն ընդգծեց, սակայն, որ մենք էլ մեր հայրենիքը պաշտպանելու հզոր կամք եւ գիտակցություն ունենք։