Դեկտեմբերի 2-ին  թիվ 1 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսայցության անդամ Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմում գրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝  ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով: Այս մասին  նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը:

Նա խոսեց բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք թույլ են տալիս մրցակիցները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Պատգամավորության թեկնածուի խոսքով՝  եթե բնակչությունն ամբողջ հանրապետությունում նվազում է կամ առնվազն չի փոփոխվում, ապա ընտրողների թիվը չի կարող ավելանալ: Մինչդեռ, Ստեփան Սաֆարյանի խոսքով,  թիվ 1 ընտրատարածքում 2007-ի համեմատությամբ ընտրողների թիվն ավելացել է 8000-ով: Նա շեշտեց, որ այս ընտրատարածքի ընտրողների ցուցակները ուռճացված են: Թեկնածուն դիմել էր Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝ պահանջելով  թիվ 1 ընտրատարածքի ցուցակները, ինչպես նաեւ ամբողջ հանրապետության ընտրողների ցուցակները: Ոստիկանությունը այսօր պետք է տրամադրի այդ ընտրատարածքի ընտրողների նոր ցուցակը, բայց մերժել է տրամադրել հանրապետության ընտրողների ցուցակը զավեշտալի պատճառաբանությամբ՝  ասելով, թե տրամադրել են ԿԸՀ-ին: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների թիվ 1 ընտրատարածքի ցուցակներում կան բազմաթիվ հասցեներ, որոնք հիշեցնում են կոմունալ բնակարաններ, ուր կարող են ապրել տասնյակ մարդիկ:

Ստեփան Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքի ընտրողների վերջնական տվյալները վերցնելուց հետո պատրաստվում է այցելել  բոլոր հասցեները եւ ճշտել, թե իրականում որտեղ քանի մարդ է բնակվում: Նա կոչ է անում ոստիկանությանը՝ թույլ տալ օգնել նրանց ընտրացուցակները մաքրելիս:

Սա միակ խնդիրը չէ, որ արձանագրել է պատգամավորության թեկնածուն: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իր մրցակից թեկնածուի՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբերի թիվը գերազանցում է «Ընտրական օրենսգրքով» նախատեսված առավելագույն 35-ը, «դրանք շատ ավելին են, ինչը խախտում է»: Նրանք նկարահանել են նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց տարածքում տեղակայված է մրցակցի ընտրական շտաբը, ինչը եւս օրենքի խախտում է: Ընտրական տեղամասի շենքում չի կարող լինել թեկնածուի շտաբ:

«Այս բոլոր խախտումների հետ կապված  պատրաստելու ենք դիմում եւ պահանջելու ենք մրցակից թեկնածուի գրանցումը չեղյալ ճանաչել»,- նշեց նա:  Ստեփան Սաֆարյանի խոսքով, եթե այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մի ամբողջ պետական համակարգ լծված է մրցակից թեկնածուի քարոզարշավին, ապա պատկերը ամբողջական է դառնում: Նրա խոսքով՝ քարոզչական նյութեր են բաժանում  համատիրության աշխատողները:

Ընդհանուր առմամբ, «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ իր քարոզաշավը անցնում է ավելի հանգիստ մթնոլորտւմ, քան մայիսի 6-ին էր, «որեւէ միջադեպ, բախում չի արձանագրվել»: Պատգամավորության թեկնածուն գոհ է քարոզարշավի ընթացքից, մարդկանց հետ հանդիպումներից, միայն թե «ընտրակաշառքներին սպասող ընտրազանագված կա»: Քարոզարշավի ընթացքը Ստեփան Սաֆարյանին թույլ է տալիս հավատալ, որ ընտրություններում հաղթելու շանսեր ունի: 

Հիշեցնենք, որ  Ավանի թիվ 1 ընտրատարածքում մրցելու են  «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Նշենք, որ  թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատից հրաժարվել էր հանրապետական Ռուբեն Հայրապետյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am