Հունվարի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Լոնդոնում Աֆղանստանի հարցով կայանալիք միջազգային համաժողովին:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են 61 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի:

Համաժողովի օրակարգում ընդգրկված են Աֆղանստանի կառավարությանը երկրների տարածքում անվտանգության ապահովման պատասխանատվությունը հանձնելու, ազգային զարգացման առանցքային խնդիրները լուծելու հարցերը՝ Աֆղանստանում օտարերկրյա զինված ուժերի թվակազմի կրճատմանը նախապատրաստվելու համատեքստում: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ադրբեջանցի, թուրք գործընկերների կամ ԱՄՆ պետքարտուղարի հետ նախատեսված չեն: Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական NTV-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Լոնդոնում քննարկել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները:

Բացի այդ, Դավութօղլուն նկատել է, որ լոնդոնյան համաժողովի շրջանակներում նախատեսում է հանդիպել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ քննարկելու վերոնշյալ հարցերը: