Ադրբեջանի քաղաքացիները փետրվարի մեկից հնարավորություն են ունենալու առանց վիզյաի մտնել Իրան: АПА լրատվական գործակալության հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Բահրուզ Զարե Միրզաեն:
Նրա խոսքով, Իրան այցելել ցանկացող ադրբեջանցիները պարզապես պետք է վճարեն 18 մանաթ՝ Բաքվի, Գյանջայի եւ Լենքորանի համապատասխան կլինիկաներում բժշկական տեղեկանք ստանալու համար. "Եթե Ադրբեջանի քաղաքացին ուզում է Իրանում մնալ 15 օրից ավելի, ապա նա կարող է դիմել Իրանի Միգրացիոն ծառայություն եւ ստանալ 3 ամսվա բնակության թույլտվություն:
Հյուպատոսը նաեւ նշել է, որ ներկայումս հյուպատոսական բաժնում Ադրբեջանի քաղաքացիներին օրական 250-300 վիզա են տրամադրում Իրան այցելելու համար։ «Հուսով եմ, որ վիզայի ռեժիմը հանելուց հետո Իրան այցելել ցանկացող ադրբեջանցիների քանակը կավելանա», ասել է նա:
Ընդ որում, հյուպատոսը հույս է հայտնել, որ շուտով ադրբեջանական կողմը եւս կհանի վիզային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար:
Դիվանագետը նշել է, որ չեղյալ է հայտարարվել նաեւ իրանա-ադրբեջանական սահմանից 45 կմ հեռավորության վրա բնակվող ադրբեջանցիների համար ստեղծված պարզեցված վիզային ռեժիմը:




























