Կուսակցական վերահսկողությունից դուրս գալուց եւ շուկայական տնտեսության անցումից հետո թվում էր արհմիություններն իրենց գործունեւթյան համար լիակատար ազատություն են գտել: Ընթացիկ տարվա նոյեմբրի 23-ին կայացած Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի III համագումարը պետք է ամփոփեր անցած հինգ տարվա ընթացքում իր գործունեությունը, ինչպես նաեւ նախանշեր իր ծրագրի իրականացման գործողությունների պլանը:
Կոնֆեդերացիայի նախագահի զեկույցում բնականաբար նշվում էր այն հաջողությունների մասին, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում: Մասնավորապես, այն մասին, որ կոնֆեդերացիան իր գործունեությունն ուղղել է «սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը», միաժամանակ ջանքեր ներդնելով Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու ուղղությամբ: Նշվեց նաեւ, որ «բազմաթիվ քննարկումներ» են կազմակերպվել նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ մասնագետներ են հրավիրվել Աշխատանքի միջազգային կազմկերպությունից` փոփոխությունները քննարկելու համար: Արդյունքում խորհրդարանին ներկացվել է 26 առաջարկություն եւ դիտողություն, եւ օրենքում տեղ են գտել «արհմիությունների համար կարեւոր դրույթները»: Այսպիսին էր պաշտոնական զեկուցը, որն ստացավ ճյուղային միությունների ներկայացուցիչների մի մասի աջակցությունը: Սակայն մի շարք պատվիրակներ իրենց ելույթներում որոշ մտահոգություններ հնչեցրեցին:
Օրինակ, նրանցից մեկը նկատեց, որ հպարտանլու բան չկա, քանի որ քսան տարվա մեջ արհմիությունների կեսմիլիոնանոց բանակը կրճատվել է ավելի քան կրկնակի: Մեկ այլ պատվիրակ նշեց, որ ծրագրի կետերի մեծ մասը հաշվետու ժամանակահատվածում չի կիրառվել: Ուշագրավ էր նաեւ այն, որ ելույթ ունեցողներից մեկը նկատեց, որ կոնֆեդերացիայի ղեկվարությունը հաշվետու հնգամյա ժամանակահատվածում այդպես էլ որեւէ հանդիպում չի ունեցել երկրի իշխանությունների հետ, մասնավորապես, խորհրդարանի եւ կառավարության ղեկավարների հետ: Այդ փաստը պատվիրակը կապում է արհմիությունների հեղինակության անկման եւ կոնֆեդերացիայի ղեկավարության աննախաձեռնողականության հետ: Մի խոսքով, «համագումարը», չնայած անվան հնչեղությանը, ավելի շատ կոլխոզի ժողով էր հիշեցնում:
Օրինակ, կոնֆեդերացիայի ղեկավարի պաշոտնում այլընտրանքային թեկնածուի առաջադրումը պատվիրակների մի մասի կողմից կառուցողական չընկալվեց եւ ուղեկցվեց բազմաթիվ ռեպլիկներով, հատկապես դահլիճի առաջին շարքերից: Թեկնածուներն էլ երկուսն էին. գործող նախագահը (ով վերընտրվեց ) եւ ճյուղային միություններից մեկի ղեկավարը: Հետաքրքրական է, որ վերընտրված նախագահը չգիտես ինչու չներկայացրեց իր գործողությունների պլանը` կոնֆեդերացիայի ծրագրի իրականացման վերաբերյալ, իսկ այլընտրանքային թեկնածուն, որը մանրամասն ներկայացրեց այն, քվեարկության ժամանակ զարմանալի կերպով պարտվեց...
Միաժամանակ կոնֆեդերացիայի հետ կապված ներկայիս իրավիճակը մխիթարական չէ: Անցած հինգ տարում եկամտի աղբյուր են եղել ունեցած գույքի, մասնավորապես, Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքի վաճառքից ստացված միջոցները: Ելույթներից մեկում նշվեց, որ եթե այդպես շարունակվի, ապա ներկայիս գրասենյակն էլ վաճառքի կհանվի: Ինչպես նկատեց պատվիրակներից մեկը, վերջին շրջանում առավել հաճախ է հնչում, «իսկ դուք, արհմիություններ, դեռ գոյություն ունե՞ք» հարցը:
Ալբերտ Խաչատրյան




























