«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչեւ Երեւանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան նոր երկաթգիծ կկառուցվի: Այդ ծրագրի մասին դեկտեմբերի 3-ին քննարկում է տեղի ունեցել տրանսպորտի եւ կապի նախարարությունում նախարար Գագիկ Բեգլարյանի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերությունների ներկայացուցիչներ՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի միջեւ:

Նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը:

«Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի: Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում»,- նշել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ, ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:

Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը եւ ՀՀ կապի եւ կապի եւ տրանսպորտի նախարարությունը։

Երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: