Մետրոյի նոր կայարաններ կառուցելու համար Հայաստանը մտադիր չէ վարկ վերցնել: Երեւանի մետրոպոլիտենի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները NEWS.am-ի թղթակցի հետ մասնավոր զրույցներում նշել են, որ մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցում չի նախատեսվում:

Հարցին, թե գուցե ուղեւորահոսքի եւ դրանով պայմանավորված եկամուտների աճը կարող է դառնալ այն հիմնավորումը, որով կարելի է վա՞րկ ստանալ, «Երեւանի մետրոպոլիտեն» ընկերության տնօրեն Փայլակ Յայլոյանը պարզաբանեց, որ մետրոյի ընդլայնումը նշանակում է նաեւ մետրոյի պահպանման ծախսերի աճ:

«Նույնիսկ Մոսկվայի մետրոն, որն օրական 8 մլն ուղեւոր է տեղափոխում, 50 տոկոսով աշխատում է դոտացիայով, ուստի այստեղ մենք աշխարհի առաջատար մետրոպոլիտենների հետ նույն մակարդակի վրա ենք: Մեզ մոտ դոտացիան եւս 50 տոկոս է, մնացածը մենք ենք ֆինանսավորում»,-ասաց Յայլոյանը:

Մետրոպոլիտենի տարեկան ծախսը կազմում է շուրջ 3,4 մլրդ դրամ, որից պետությունը սուբսիդավորում է 1,8 մլրդ դրամի չափով: Քանի որ մետրոյի ընդլայնումը եկամտի աճ չի ենթադրում, առանց պետական երաշխիքների անհնար է վարկ ստանալ, նույնիսկ փոքր չափով:

Ուստի, ըստ Յայլոյանի, ստացվող վարկերն ուղղվում են ոչ թե մետրոպոլիտենի ընդլայնմանը, այլ պահպանմանը: Մետրոյի վերականգնման առաջին փուլի արժեքը կազմել է 15 մլն եվրո՝ հավասարապես Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից: Ընդ որում, կողմերից ոչ մեկը չի համաձայնում 5 մլն եվրոյից ավելի ներդնել:

Այդուհանդերձ, Թբիլիսիի իշխանություններին հաջողվել է մետրոյի նոր կայարան (թունելը փորվել է դեռեւս խորհրդային շրջանում) կառուցելու համար միանգամից 30 մլն եվրո ներգրավել: «Մենք նույնպես նոր ուղիների կառուցման համար աղբյուրներ ենք փնտրում եւ չեղյալ չենք հայտարարում նոր կայարաններ կառուցելու պլանները»,-նշեց Երեւանի Մետրոպոլիտենի տնօրենը: Նրա խոսքով, 1 կմ նոր ստորգետնյա ուղի կառուցելը ներկայումս կարող է գնահատվել շուրջ 100 մլն դոլար: