Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ թե զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց նորանշանակ դեսպանին` արդյունավետ գործունեություն մաղթելով նոր պաշտոնում: Անդրադառնալով հայ-հունական յարաբերություններին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների համագործակցությունը բազմաճյուղ զարգանում եւ արդյունավորվում է` համահունչ երկու ժողովուրդների պատմական բազմադարյա հարաբերությունների ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը հայտնեց դեսպանին` Հունաստանի իշխանությունների եւ դեսպանատան կողմից Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող աջակցության, ուշադրության եւ առանձնակի հարգանքի համար:

Դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ կանի ամենը` զորացնելու երկու երկրների ջերմ փոխհարաբերությունները` խարսխված պատմական արմատների վրա: Պրն. Ի. Տայիսն անդրադարձավ նաեւ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ընդգծեց նաեւ Քրիստոնեական Եկեղեցու կարեւոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում:

Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայ Առաքելական եւ Հույն Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների մասին, կարեւորվեց Հայ Եկեղեցու սպասավորների ուսումնառությունը Հունաստանի բարձրագոյն աստվածաբանական հաստատություններում: