Բրյուսել կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուտաբաեւը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ քննարկել է սառեցված հակամարտությունները, այդ թվում ՝ Կովկասում:
Ինչպես հաղորդում է «Կազինֆորմը», ԵԱՀԿ լիազորությունների գոտում ձգձգված հակամարտությունների քննարկման համատեքստում Կազմակերպության գործող ղեկավարը հայտնել է, որ 2010թ. փետրվարին մտադիր է այցելել Կովկաս եւ լինել Վրաստանում, Հայաստանում ու Ադրբեջանում:
Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարը նկատել է, որ Կազմակերպությունում Ղազախստանի նախագահությունը կարեւոր գործոն է, քանի որ հարկ է լուծել մի շարք սուր հարցեր՝ ներառյալ ձգձգված հակամարտությունների կարգավորումը:
Եժի Բուզեկը Եվրամիության լիակատար աջակցությունն է հայտնել հակամարտությունների կարգավորման գործընթացին եւ նշել է Եվրախորհրդարանի՝ առավել ակտիվ դեր խաղալու պատրաստակամության մասին:




























