Յուրաքանչյուր ոք ունի լսելի լինելու եւ իր համայնքի համար կարեւոր որոշումների ձեւավորմանը մասնակցելու իրավունք: Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ լիովին ներառված է միջազգային իրավունքում, հատկապես Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 25-ում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ուղերձում:

«Անցած դարի ընթացքում մենք անհավատալի առաջընթաց ենք արձանագրել ներառման գործընթացում:

Այդուհանդերձ, դեռեւս չափազանց մեծ թվով մարդիկ բախվում են չափազանց մեծ թվով խոչընդոտների: Կանայք քվեարկելու իրավունք ունեն գրեթե ամենուր, սակայն շարունակում են մեծապես թերներկայացված լինել խորհրդարաններում եւ խաղաղության հաստատման գործընթացներում, կառվարման բարձր պաշտոններում եւ կորպորատիվ խորհուրդներում, որոշումներ կայացնող այլ պաշտոններում: Բնիկ ժողովուրդները հաճախ բախվում ենխտրականության, ինչը նրանց զրկում է իրենց երաշխավորված իրավունքներից լիարժեքորեն օգտվելու հնարավորությունից կամ թույլ չի տալիս հաշվի առնել նրանց իրավիճակը: Կրոնական եւ ազգային փոքրամասնությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք կամ տարբերվող սեռական կողմնորոշում կամ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ հաճախ խոչընդոտների են հանդիպում առանցքային հաստատություններում եւ գործընթացներում մասնակցություն ունենալու հարցում: Հաստատություններն ու հանրային բանավեճրը պետք է ներկայացնեն հասարակություններն իրենց ողջ բազմազանությամբ»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Ավելի ընդհանուր, աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք եղել ժողովրդավարական կառավարման հարցում ձեռքբերումներին սպառնացող տագնապալի վտանգների: Որոշ երկրներում քաղաքացիական հասարակության խմբերը ենթարկվում են աճող ճնշումների եւ սահմանափակումների: Առաջ են քաշվել օրենքներ, որոնք թիրախում են հատկապես քաղաքացիական հասարակության կազմակրեպություններին՝ գրեթե անհնար դարձնելով նրանց գործունեությունը: Ժողովրդավարության առաջամարտիկները բախվել են նոր մարտահրավերների: Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի նմանօրինակ նահանջը:

Նույնիսկ այս առումով հաջողված  փորձ ունեցող հասարակություններում բարելավման տեղ կա: Ոչ մի երկիր հաջողության չի հասել այն հարցում, որ ապահովի իր բոլոր բնակիչների լիարժեքորեն մասնակցության հնարավորությունը հանրային կառավարման հարցերում, այդ թվում՝ պետական պաշտոնում ընտրվելու իրավունքը եւ պետական ծառայությունների հավասար հասանելիությունը: Նոր իրավունքների իրագործումը կամ անարդարացի օրենքներից հրաժարումը բոլոր դեպքերում չէ, որ բավարար է: Շատ հաճախ գործնականում խտրականությունը շարունակում է իր համառ ներկայությունը՝ ստեղծելով խոչընդոտներ եւ մտածելակերպեր, որոնք դժվար է հաղթահարել»,- ասել է Բան Կի Մունը եւ հավելել. «Քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերը դրական փոփոխությունների եւ ցանկացած պետության կենսունակության բանալին են, եւ Միավորված ազգերի կազմակերպությունը  կարեւորում է մասնակցության իրավունքը ու դատապարտելի է համարում դրանք ճնշելուն ուղղված միջոցառումները: Այս է պատճառը, որ Մարդու իրավունքների այս օրը ՄԱԿ-ը կարեւորում է մասնակցության իրավունքը եւ դրա հետ կապված իրավունքները, որոնք հնարավոր են դարձնում դրա իրագործումը՝ արտահայտման եւ կարծիք ունենալու ազատություն եւ խաղաղ հավաքների եւ միավորումներ կազմելու ազատություն:

Միջազգային իրավունքը հստակ է. Անկախ այն բանից, թե դու ով ես կամ որտեղ ես ապրում, քո ձայնը կարեւոր է: Այս օրը եկեք միավորվենք՝ պաշտպանելու քո ձայնը լսելի դարձնելու քո իրավունքը»: