Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երեւանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին եւ հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երեւանի հյուրընկալ դռները եւս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ եւ հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երեւանում:
Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարեւանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով թերեւս միակն է աշխարհում:
Որպես հրավիրող կողմ, «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միությունը նաեւ անակնկալ էր պատրաստել քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Միության խորհրդի որոշմամբ Տարոն Մարգարյանին շնորհվել է հատուկ դիպլոմ: Միության որոշումը գոհունակությամբ է ընդունվել տեղի հայ համայնքի կողմից, ովքեր մաղթել են քաղաքապետին միշտ հավատարիմ մնալ սեփական արմատներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դեսինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցել է նաեւ կիրակնօրյա պատարագին:




























