Մարդու իրավունքների թեմայով միջազգային կարճ ֆիլմերի մրցույթը, մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճը եւ ռոք համերգը Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավի առանցքային միջոցառումներն էին, որոնք հայաստանյան երիտասարդներին մարդու իրավունքների մասին ավելին իմանալու հնարավորություն տվեցին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, թեէ այս տարվա նշանաբանը «Իմ ձայնը կարեւոր է»-ն է, որն ուղղված է հանրային կյանքում ներառումը եւ նախաձեռնողական մասնակցությունը խթանելուն:

 2012 թվականին Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց պատմության մեջ առաջին բանաձեւը համացանցում մարդու իրավունքների խթանման, պաշտպանության եւ իրացման մասին: Այն ամրագրում է, որ մարդու իրավունքները թվային իրականության մեջ պետք է պաշտպանվեն եւ խթանվեն միեւնույն մակարդակով եւ միեւնույն պատրաստակամությամբ, ինչ եւ «օֆլայն» աշխարհում:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը նշեց. «Մարդու իրավունքներ ունի մեզանից յուրաքանչյուրը: Բայց քանի դեռ մենք չգիտենք մեր իրավունքները եւ քանի դեռ չենք պաշտպանում դրանք եւ այլոց՝ իրենց իրավունքներից օգտվելու իրավունքը, դրանք կլինեն սոսկ բառեր տասնամյակների վաղեմության փաստաթղթերում»:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ կազմակերպել էր կարճ ֆիլմերի մրցույթ թվային դարաշրջանում մարդու իրավունքների խթանման եւ պաշտպանության թեմայով: Մրցույթի նպատակն էր խթանել մարդու իրավունքները տարատեսակ միջոցներով, որոնցից է համացանցը, որի օգտագործողների մեծամասնությունը երիտասարդներ են: Մրցույթը միաժամանակ կազմակերպվել էր Հայաստանում, Ավստրիայում եւ Ուկրաինայում:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը (դյուրակիր համակարգիչ) շնորհեց «Հմուտ մարդը» ֆիլմի, երկրորդ մրցանակը (նեթբուք)՝ «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմի հեղինակներին: Ըստ YouTube-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքների՝ առաջին մրցանակը տրվեց «Enter» ֆիլմի հեղինակին, իսկ երկրորդ մրցանակը (լուսանկարչական խցիկ)՝ «Ճանաչիր քո իրավունքները թվային դարաշրջանում» ֆիլմի հեղինակին: Հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին եւ քննարկվեցին բանավեճի ընթացքում: 

Պարգեւատրման արարողությունը շարունակվեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճով, որը վարում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկելու իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվերոն իրացնել եւ պաշտպանել դրանք: 

«Համացանցը եւ սոցիալական մեդիան կարեւոր դերակատարում ունեն հանրային քննարկումներում եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Ես տպավորված եմ գիտակ, խանդավառ եւ ստեղծագործական մտքի տեր երիտասարդներով, որոնք մասնակցեցին բանավեճին եւ մեզ ներկայացրեցին թվային դարաշրջանում մարդու իրավունքների իրագործման իրենց տեսլականը»,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը:

Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավը կշարունակվի արդեն ավանադական դարձած ռոք համերգով, որն այս տարի տեղի կունենա Վանաձորում: Համերգին «Բամբիռ», «Լավ Էլի», «Դոգմա» եւ «Որդան կարմիր» խմբերը կներկայացնեն իրենց ռոք երգերը՝ նպաստելով մարդու իրավունքների, խաղաղության եւ հանդուրժողականության արժեքների տարածմանը: Համերգի մուտքն ազատ է: Այն տեղի կունենա Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում, դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (ՄԻՀՀ) ընդունվել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին: Այդ ժամանակից ի վեր այս օրը նշվում է իբրեւ Մարդու իրավունքների օր: