Փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանը քննելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացրած բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի` որի ղեկավարը հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է: Հիշեցնենք, որ բողոքի հիմքում հրատարակված գիրքն է, որտեղ բազմաթիվ տեղերում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը դրված է եղել չակերտների մեջ, ինչից «Արարատ» կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը համարել է, որ գրքի հեղինակները կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը: Նշենք, որ խոսքը վերաբերում է 2008-ին հրատարկված «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքի մասին:
Հայցադիմումի հիմքում «Կովկասի ինստիտուտին» հերքում պարտավորեցնելն է, Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Հայցադիմումում նշված է, որ հայցի հիմնական նպատակներից է իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը։
Դեռեւս 2009-ի դեկտեմբերի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել էր այս գործը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, սակայն Ա. Այվազյանն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Նա հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում այս հարցով իրենք պատրաստ են հասնել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։




























