Լեռնային Ղարաբաղում կայանալու է միջազգային գիտագործնական համաժողով՝ «Ադրբեջանի պետական ահաբեկչությունն ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը» թեմայով, որ նվիրված է Շուշիում 1920 թվականի մարտի 23-ի ջարդերի 90-ամյակին եւ Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի պետական համալսարանը, «Կաճառ» կենտրոնը եւ Շուշիի պատմական թանգարանը:

Գիտաժողովի նպատակն է՝ վեր հանել եւ գիտականորեն հիմնավորել անցյալի սխալները, ահաբեկչության կանխարգելման ուղիներ առաջարկել, քաղաքական գնահատական տալ ջարդերին, ահաբեկչությանը եւ էթնիկ զտումներին, որ իրականացվել են Ադրբեջանում 20-րդ դարում՝ Գանձակում, Լեռնային Ղարաբաղում եւ Կովկասի մյուս հատվածներում:

Գիտաժողովն անցկացվելու է հայերենով, իսկ տեքստերը թարգմանվելու են ռուսերեն եւ անգլերեն: