Հունվարի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Թբիլիսիի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ում աշխատած Վախթանգ Մաիսայային: Նա մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Հետաքննության տվյալներով, Մայիսայան համագործակցել է այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, կատարել նրանց հանձնարարությունները եւ կոդավորված ձեւով տեղեկություններ փոխանցել էլեկտրոնային փոստով:

Վախթանգ Մայիսայայի պաշտպանը լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյալը իրեն մեղսագրվող մեղքը չի ընդունում, եւ դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում: Նկատենք, որ դատախազը պահանջել էր նրան դատապարտել 24 տարվա ազատազրկման:

«Ես 15 էջանոց ելույթ էի պատրաստել, նույն տեւողությամբ ելույթ էր պատրաստել նաեւ Մայիսայան, սակայն դատավորը, որեւէ գնահատական չտալով մեր ելույթներին, միանգամից հրապարակեց դատավճիռը: Դա դատախազության պատվերն էր»,- ասել է պաշտպան Կորկոտաձեն:

Բացի Մայիսայայից, պետական գաղտնիք հրապարակելու համար 3 տարվա ազատազրկման եւ 3 հազար դոլար տուգանքի է դատապարտվել է նաեւ Վրաստանի Զինված ուժերի ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի եւ ստանդարտացման վարչության պետ Իրակլի Բատկուաշվիլին:

Վախթանգ Մայիսայան ձերբակալվել է 2009-ի մայիսի 5-ին` Թբիլիսիի իր բնակարանում: Այդ օրը Վրաստանի պատմության մեջ է մտել որպես մուխրովանիի բազայում ռազմական հեղաշրջման փորձի օր: Այդ ժամանակ Թբիլիսիում բողոքի գործողություններ էին ընթանում: