Ղարաբաղի պետականության ամրապնդման ծրագրում անցյալ տարի մի քանի կարեւոր քայլեր են ձեռնարկվել, որոնցից մեկը՝ ԼՂՀ նախագահական ընտրություններն էին։ Դրան մասնակցում էին դիտորդներ 18 երկրներից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, իշխող  Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի գնահատականով՝ միջազգային դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության դե ֆակտո ապացույցն է։ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները, Շարմազանովի խոսքերով, անցկացվել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Եւ այդ ծրագրով ԼՂՀ-ն կարող է տարածաշրջանում ժողովրդավարության օազիս հանդիսանալ եւ ժողովրդավարության դասեր տալ հարեւան Ադրբեջանին։ Շարմազանովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չկա, հնչեցվել է Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշմանը համահունչ։

Շարմազանովը՝ անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի հանձման ու ներում շնորհելու ամոթալի փաստին, նշել է, որ դրանով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց  տվեց իր իրական դեմքը միջազգային հանրությանը: