Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի կողմից 2012-ի փետրվարի 2-ին հայկական գերեզմանատանը կառուցման փուլում գտնվող պահակատան եւ վերջին հրաժեշտի համար նախատեսված շենքերի ավերումից հետո դրանք կրկին վերանորոգվում են եւ շուտով վերջնական վերանորոգված տեսքով կհանձնվեն Մալաթիայի հայ համայնքին:
Մալաթիայի տեղական լրատվամիջոցների համաձայն, Մալաթիայի քաղաքապետարանը կատարել է խոստումը եւ ավերած շինությունները վերանորոգել է: Կառուցած շինություններն էլեկտրականությամբ, ջրով, բնական գազով ապահովելուց եւ շրջակայքը բարեկարգելուց հետո դրանք հանձնվելու են Մալաթիայի հայ համայնքը ներկայացնող HAYder-ին:
Նշենք, որ 2012-ի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի հանձնարարությամբ քանդվել է Մալաթիայի հայերի գերեզմանուցում կառուցվող պահակատունն ու մատուռը։ Այս դեպքը բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս, որից հետո Մալաթիայի քաղաքապետը պնդել էր, թե շինությունները սխալմամբ են քանդել եւ խոստացել պետության հաշվին վերականգնել վնասը։





























