Ինդոնեզիայի Տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեի փորձագետները եզրակացրել են, որ 2012թ. մայիսին ռուսական Sukhoi SuperJet 100 օդանավի վթարի պատճառն օդաչուի սխալն է եղել: Ըստ փորձագետների՝ համակարգի նախազգուշացման եւ տեղեկատվական սարքն անխափան է գործել, սակայն օդաչուն այն անջատել է վթարից անմիջապես առաջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել կոմիտեի ղեկավար Թաթանգ Կուրնիադին, գրում է rbc-ն:
BBC-ի ռուսական ծառայությունը, AP-ին վկայակոչելով, հայտնում է, որ սեւ արկղերի տվյալները վկայում են, որ աղետից անմիջապես առաջ առաջին օդաչուն շեղվել է՝ զրույցի բռնվելով SSJ-100-ի հավանական գնորդի հետ, որը, չգիտես ինչու, օդաչուական խցիկում էր հայտնվել:
Ավիավթարի պատճառների մասին զեկույցում ասվում է, որ գետնին մոտենալու ազդանշանը հնչել է վեց անգամ, սակայն օդաչուն չի արձագանքել եւ անջատել է նախազգուշացման համակարգը՝ կարծելով, թե խափանվել է:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ինքնաթիռը սարքին է եղել: Նրանք վթարի հավանական պատճառ էին նշել եղանակային պայմանները կամ դժվարամատույց տեղանքը:
Հիշեցնենք, Ասիայի վեց երկրներում առաջին անգամ ցուցադրական թռիչքներ կատարող SSJ-100 օդանավը մայիսի 9-ին բախվել էր Ինդոնեզիայի Սալակ լեռանը: Օդանավում 45 մարդ կար, նրանցից ութը՝ ռուս: Բոլորը զոհվել էին:




























