Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` առաքելության ավարտի կապակցությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետն արդյունավետ համարեց  գրասենյակի  հետ  համագործակցությունը եւ հաջողություններ մաղթեց տիկին Զեհեին հետագա գործունեության մեջ: Նա  վստահություն հայտնեց, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ գործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված են Եվրախորհրդի հետ համագործակցության 2011-2014թթ. քառամյա ծրագրով:

Փոխվարչապետը նշեց, որ 2013թ-ին  Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները:  Հայաստանի նախագահության շրջանում կանցակացվեն նաեւ ապակենտրոնացված գործակցության  խորացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես Ֆրանսիայում տեղի կունենա  ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ  համաժողովը, նախատեսվում է նաեւ կազմակերպել եվրոպական մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում եւ այլն:

Կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ ապակենտրոնացված զարգացման  ավանդույթներ ունեցող ԵԽ անդամ մյուս երկրների համայնքների միջեւ ուղիղ շփումների, փորձի փոխանակումը` ընդգծելով, որ դա կնպաստի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, նոր գաղափարների կյանքի կոչմանը:  Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթին` նկատելով, որ այն համախմբել է ոլորտի զարգացման գաղափարները, եւ փաստաթղթում արձանագրված մոտեցումների մեծ մասը համահունչ են ԵԽ հետ համագործակցության ծրագրի դրույթներին: