Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում կիրակի կալանավորել են հայ մի տղամարդու՝ մարմնավաճառին կողոպտելու կասկածանքով, ով նրան նաեւ այրել է ծխախոտով եւ դուրս նետել իր մեքենայից:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 57-ամյա Համլետ Սարգսյանը կալանավորվել է այն բանից հետո, երբ ոստիկանները պարզել են, որ կնոջ գլխի աջ կողմի մազերն այրված են: Հավանական է, որ դա տեղի է ունեցել նրա հետ պայքարի ընթացքում: Ոստիկաններին Սարգսյանի մասին հայտնել է մեկ այլ վարորդ, ով այդ պահին անցնելիս է եղել Դիքսոնի փողոցով եւ բղավել է, որ տղամարդն իր մեքենայում խեղդում է կնոջը պողոտաներից մեկում:

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, Լոս Անջելեսի 23-ամյա բնակչուհին պատմել է, թե ինչպես է Սարգսյանն իրեն առաջարկել իր հետ սեքսով զբաղվել:

Նա ոստիկաններին ասել է, որ Սարգսյանն իրեն խնդրել է իր հետ գնալ Գլենդելում գտնվող իր տուն, որտեղ նրանք սեքսով են զբաղվել: Երբ նրանք քննարկել են գումարի խնդիրը, տղամարդն ասել է, որ գումարը մեքենայի մեջ է: Աղջիկը նստել է մեքենան, քանի որ համաձայնել է, որ Սարգսյանն իրեն տեղ հասցնի, ու հենց մեքենայում էլ սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է նրանով, որ Սարգսյանը խլել է աղջկա փողերն ու դուրս նետել նրան մեքենայից: Դրանից հետո նա տուն է մտել:

Աղջիկը արագ վերցրել է տղամարդու դրամապանակը եւ բանալիները եւ նստել իր մեքենան ու փորձել հեռանալ, բայց այդ պահին եկել է ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ Սարգսյանը ոստիկաններին ասել է, որ ինքը ճանաչում է այդ կնոջը, ով եկել է իր տուն զվարճանալու, սակայն հերքել է փաստը, որ ինքը վճարել է սեքսի համար: