Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դեւիդ Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային գործոն լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումներում: Նա համարում է, որ խաղաղ սցենարի առաջընթացի համար Արեւմուտքը, եւ մասնավորապես, ԱՄՆ-ը, կարող են վճռական դեր խաղալ՝ «կարգավորման գործընթացում բարձր մակարդակի միջամտության» պայմանով:

Վաշինգթոնում, Jamestown Foundation-ում, դեկտեմբերի 17-ին կազմակերպված միջազգային կոնֆերանսում քննարկումների հիմնական թեմաները եղել են Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը, Ռուսաստանի դերը տարածաշրջանային ուժերի դասավորությունում, Ղարաբաղում խաղաղ նախաձեռնությունների հեռանկարները եւ Եվրամիության հարավային գազային միջանցքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մոսկվան պետք է ընդունի ստատուս քվոյի պահմանման հեռանկարը: Ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտներից է, որտեղ «վերբեռնման քաղաքականությունը» կարող է արդյունավետ օգտագործվել Օբամայի վարչակազմի կողմից»,-ասել է Դեւիդ Մերկելը:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան պաշտպանել է Մերկելի եզրակացությունը՝ բարձր մակարդակի միջամտության անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ տարածաշրջանում արագ լուծում պահանջող խնդիրների լուծման հարցում մասնակցությունը պարտադիր չէ, որ իրականացնի դեմոկրատական վարչակազմը, «դա կարող են անել նաեւ հանրապետական գործիչները»:

«Ադրբեջանի վիճակը շատ նման է շատ այլ «փոքր» երկրների վիճակին, որոնք հաճախ կործանվում են «հսկաների բախման հետեւանքով»,-ասել է Բրայզան եւ ընդգծել, որ այս տարածաշրջանում ԱՄՆ լիդերության համար մեծ տարածք գոյություն ունի, ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ՝ հակամարտությունների, այդ թվում Ղարաբաղի խնդրի, լուծման հարցերում: