Թեեւ տնտեսական ու քաղաքական ուժերի ճանաչված կենտրոնները գտնվում են արեւմուտքում, սակայն 2012 թվականի հիմնական իրդարձությունները, նախ եւ առաջ, տեղի են ունեցել արեւելքում: Եվրոպան եւ ԱՄՆ-ը զիջում են իրենց դիրքերը, նշում են հեղինակավոր պարբերականի լրագրողները:

Անցնող տարվա գլխավոր իրադարձությունը Financial Times-ի աշխատակիցները համարել են եվրագոտու ճգնաժամի կարգավորումը, որի համար պետք է շնորհակալություն հայտնել Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագային: Երկրորդ եւ երրորդ տեղերն իրենց նշանակությամբ կիսում են պատերազմը Սիրիայում եւ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» հաղթանակը: Այդ իրադարձությունները Մերձավոր Արեւելքը դարձրել են քաղաքական տեսանկյունից աշխարհի ամենահետաքրքիր վայրը:

Վարկանիշի 4-րդ տեղը Financial Times-ի լրագրողները պատրաստ են տալ Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սի Ցզյանպինի նշանակմանն այն դեպքում, եթե նա բարեփոխումներ իրականացնի: Քանի դեռ նա այդ բարեփոխումները չի կատարել, 4-րդ տեղում Բարաք Օբամայի վերընտրությունն է:

Վերջապես, ցանկի 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է հակամարտությունը Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ, որոնք վիճում են Արեւելաչինական ծովի անմարդաբնակ կղզիների վերահսկողության իրավունքի համար, հաղորդում է Vesti.ru-ն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Օբամայի վերընտրությունից բացի, այդ երկրի հետագա ճակատագրի վրա ազդել է «Սենդի» փոթորիկը եւ Քոնեքթիքութի նահանգի դպրոցներից մեկում աշակերտների զանգվածային գնդակահարությունը: Առաջին աղետը ստիպել է քաղաքական գործիչներին մտածել կլիմայի փոփոխության մասին, իսկ երկրորդը՝ քաղաքացիների զենք կրելու իրավունքի մասին: