Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գլխավոր մուտքի սրահում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ում հիշյալ երկրների դիվանագետներից բացի մասնակցում էին նաեւ ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, Նյու Յորքում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:
Բացման խոսքում ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչը (որպես ՀԱՊԿ նախագահող երկիր) անդրադարձ կատարեց պայմանագրի ստորգրման ու կազմակերպության ստեղծման պատմությանը, ՀԱՊԿ գործունեությանն ու նպատակներին: Կազմակերպության անդամ երկրների համատեղ ելույթում կարեւորվեց նաեւ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի եւ խաղաղապահ ուժերի ստեղծումը, այս տարի ՌԴ-ում, Հայաստանում եւ Ղազախստանում անցկացված «Ռուբեժ 2012», «Վզաիմոդեյստվիե 2012» ու «Ներուշիմոյե բրատստվո 2012» զորավարժությունները, ինպես նաեւ հիշատակվեց միջազգային լայն հեղինակություն վայելող ՀԱՊԿ հակաթմրանյութային միջոցառումների «Կանալ» գործողությունը:




























