ՀԱՊԿ-ն սկսել է խաղաղարարական գործողությունների անցկացման նախապատրաստությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդլայնված նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը, քանի որ դա կարող է հանգեցնել ամենալուրջ հետեւանքների:
«Այդ սկզբունքներն արհամարհելը, այլ երկրներին սեփական կաղապարները պարտադրելու փորձերը կարող են հանգեցնել ամենալուրջ հետեւանքների: Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների դրամատիկ զարգացումը դրա ամենավառ հաստատումն է», — ասել է Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին հաջողվել է զարգանալ ռազմական համագործակցության բնագավառում, միջազգային հանցավորության, առաջին հերթին՝ թմրաթրաֆիքի դեմ պայքարի ոլորտում: «Սկսվել է խաղաղարարական գործողությունների անցկացման նախապատրաստությունը», - հավելել է ՌԴ-ի նախագահը:




























