Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը մեկ կամ մի քանի երկրների կողմից, առանց հաշվի առնելու այլ երկրների շահերը, կարող է վնասել միջազգային անվտանգությանը, ասված է ՀԱՊԿ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում, որն ընդունվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում:

«Հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի միակողմանի տեղակայումը մեկ պետության կամ պետությունների խմբի կողմից, առանց հաշվի առնելու այլ երկրների օրինական շահերը եւ առանց վերջիններիս ներկայացնելու իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներով»,-ասված է փաստաթղթում:

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ ՀԱՊԿ անդամ-երկրները մտադիր են կազմակերպության անդամ երկրների դեմ ուղղված հնարավոր ագրեսիա կամ ցանկացած ուժային ակցիա հետ մղելուն ուղղված պոտենցիալ ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ռազմական համագործակցության ոլորտում առաջնային ուշադրություն պետք է դարձնել հուսալի պոտենցիալի ստեղծմանը՝ հետ մղելու համար անդամ երկրների դեմ ուղղված ագրեսիան կամ ցանկացած ուժային ակցիաները»,-ասված է հայտարարությունում:

Այդ խնդրի լուծման նպատակով կողմերը ջանքեր կգործադրեն «հավաքական անվտանգության համակարգերի ուժերի եւ միջոցների հետագա զարգացման, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության կատարելագործման համար»: