Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության եւ ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են միջազգային իրավիճակի միտումները, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցներին, մինչեւ 2020թ. ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ, Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանի հրաշալի կազմակերպման համար, շնորհավորել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ Կազմակերպության համար հոբելյանական տարում նախագահությունը հաջողությամբ ավարտելու եւ ՀԱՊԿ ամրապնդմանն ուղղված գործում արդյունավետ համագործակցության համար, ապա հաջողություններ մաղթել Կազմակերպության նախագահությունն ստանձնած Ղրղըզստանին եւ նրա նախագահին:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ պետությունների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 20 տարի առաջ այդ երկրների կողմից արված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր եւ արդարացված: Կազմակերպությունը համաչափորեն զարգացնում է առկա սպառնալիքներին արձագանքման արդյունավետ համակարգը:

«Ընթացիկ տարում Կազմակերպության ջանքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական ուղղությունների վրա. ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդում, արտաքին քաղաքականության կոորդինացման արդյունավետության բարձրացում եւ ահաբեկչությանը, թմրանյութերի անօրինական շրջանառությանն ու ոչ օրինական միգրացիային հակազդեցության բնագավառներում համագործակցության ընդլայնում:

Սեպտեմբերին Հայաստանում հաջողությամբ անցկացվել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ե՛վ նախապատրաստական շրջանը, եւ՛ անմիջականորեն հենց զորավարժություններն ակնհայտորեն ցուցադրեցին բազմաբնույթ եւ տարաբնույթ խնդիրները համատեղ լուծելու մեր երկրների ունակությունը՝ ներգրավելով զորամիավորումները, ներքին զորքերի ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները եւ արտակարգ իրավիճակների գծով ուժերը:

Հայաստանում անցկացված զորավարժություններում առաջին անգամ ՀԱՊԿ ձեւաչափով լիարժեք մասնակցություն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այդ զորավարժությունները, ինչպես նաեւ դրանց նախորդած «Ռուբեժ-2012» զորավարժությունները եւ ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ անձնակազմի մասնակցությամբ առաջին համատեղ՝ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունները նշանակալի ներդրում ունեցան մեր զինված ուժերի համատեղելիության ամրապնդման, մեր Կազմակերպության ներուժի զարգացման գործում:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել քարտուղարության ջանքերը, որոնք հանգեցրին ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գծով գործողությունների վարչության հետ Արձանագրության ստորագրմանը: Համոզված եմ, որ մեր խաղաղապահ անձնակազմի մասնակցությունը խաղաղության պահպանման գծով միջազգային ամենանշանակալի առաքելություններից մեկում, իրոք, ռուբիկոն է նրանց կայացման հարցում: Այն նշանակալիորեն կբարձրացնի մեր կազմակերպության միջազգային հեղինակությունը»,- նիստի մասնակիցներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, Մերձավոր Արեւելքում առկա լարված իրավիճակին եւ ներկայացրել մեր երկրի դիրքորոշումները:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն մոտ տարածաշրջաններում իրադարձությունների վերլուծությունը լավատեսական կանխատեսումների հիմք չի տալիս: Դա եւ՛ Աֆղանստանն է, եւ՛ Իրանի շուրջ աճող լարվածությունը, եւ՛ Սիրիայում իրավիճակը: Այնտեղ շարունակվող զինված առճակատումը ապակայունացնում է ամբողջ Մերձավոր Արեւելքը:

Սիրիայում ապրում է հայկական մեծ համայնք: Նրանք այն մարդկանց երեխաներն ու թոռներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են սիրիական հասարակության անքակտելի մասը՝ իրենց ներդրումն ունենալով այդ երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Արդեն Հայաստան են եկել ավելի քան վեց հազար սիրիահայեր, եւ այդ հոսքը մեր կանխատեսումներով կաճի: Մենք կօգնենք Սիրիայի հայերին եւ՛ Հալեպում, եւ՛ Երեւանում: Հայաստանը հանդես է գալիս արյունահեղության անհապաղ դադարեցման եւ հենց սիրիացիների կողմից հարցերի խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Իրանի հետ հարաբերությունների, տնտեսական համագործակցության զարգացման մասին, որի շրջանակներում մի քանի շաբաթ առաջ Հայաստանի եւ Իրանի սահմանին սկսվել է համատեղ նոր հզոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերներին` ՀՀ նախագահն ընդգծել է, որ շարունակում է տարածաշրջանի անվտանգության լրջագույն մարտահրավեր մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. «Այն դրսեւորվում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հետեւելու՝ ադրբեջանական իշխանությունների դժկամության կամ անկարողության մեջ, որը բավականին հստակ շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Նույնիսկ, թվում է թե ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ դիպուկահարների հետքաշումը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից:

Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող հակամարտությունների լուծման առումով միակ եւ անայլընտրանք ճանապարհը բանակցություններն են: Ելնում ենք նրանից, որ կողմերի միջեւ զինադադարի հասնելուց հետո, հատկապես, երբ այն պահպանվում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը եւ նույնիսկ այդպիսի վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների ուղղակի խախտում է, դա ամենաանհեռատես ճանապարհն է դեպի բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի: Այդպես խնդիրները չեն լուծվում, այլ դառնում են ավելի բարդ:

Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման եւ արտահերթ զինվորական կոչման արժանացավ եւ նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա` 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում:

Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք եւ քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երեւանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռեւս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել եւ առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում Կազմակերպության անդամ պետությունների արմատական շահերի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների համադրման, այդ հարցերի շուրջ միմյանց հետ խորհրդակցությունների անցկացման, ընդհանուր դիրքորոշումների մշակման ուղղությամբ ջանքերի ներդրման կարեւորությանը:

«Կազմակերպության արդյունավետ եւ լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ ՀԱՊԿ-ի զարգացման եւ քարտուղարության գործունեության կատարելագործման ուղղությամբ նրա հետեւողական ջանքերը տեսանելի են բոլորին եւ դրանք, անշուշտ, տվել են իրենց պտուղները: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պաշտպանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների երկարացման մասին ռուսական կողմի առաջարկը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: