Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգի Գոմես Պալասիո քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, որոնցիցի 9-ը պահապաններ են, 13-ը՝ բանտարկյալներ: Կա հավանականություն, որ ներկայումս հիվանդանոցներում են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բանտարկյալներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգի Գոմես Պալասիո քաղաքի բանտում բանտարկյալները փորձել էին գրոհով վերցնել պահակակետային աշտարակները եւ հրապարակները: Հրաձգություն է սկսվել։ Այդ նույն ժամանակ հանցագործների մյուս մասը փորձել է փախուստի դիմել փորված թունելների միջով, սակայն, նրանց փախուստը կանխել են օգնության եկած զինվորականները։
Անվտանգության ուժերի եւ հանցագործների միջեւ փոխհրաձգությունը շարունակվել է մոտ 40 րոպե, որից հետո հսկողությունը ուղղիչ հաստատությունում վերականգնվել է։
Բանտում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 16-ին այդ բանտից Մեքսիկայի այլ քրեակատարողական հաստատություններ են տեղափոխվել 137 վտանգավոր բանտարկյալներ։ Այժմ իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես են բանտարկյալները հրազեն ձեռք բերել։




























