ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջիկա շաբաթներին հիվանդության պատճառով արտերկրյա ուղեւորությունների չի մեկնի: Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռեյնսը հայտնել է, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել երկարատեւ թռիչքներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիլարի Քլինթոնը աղիքային լուրջ հիվանդությամբ է վարակվել, որի պատճառով ստիպված է եղել հետաձգել Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա կատարելիք մի շարք այցեր: Նաեւ հայտնի էր դարձել, որ հիվանդության ընթացքում նա ուժեղ ջրազրկման հետեւանքով ուշաթափվել էր, ընկել եւ ուղեղի ցնցում ստացել:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի պատմության ամենաշատ ճանապարհորդող պետքարտուղարն է: 4 տարում նա 112 երկիր է այցելել՝ ինքնաթիռում անցկացնելով 400 օր:




























