Հարավային Կալիֆոռնիայում փետրվարի մեկից լույս է տեսնում հայալեզու նոր՝ «Կաքավիկ» ամսագիրը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայ համայնքի «Երկրամաս» տեղեկատվական կայքը:

Ամերիկահայ համայնքում վաղուց հայալեզու մանկական գրականության պակաս կար:

«Վառ պատկերազարդ մանկական ամսագիրը նախատեսված է 7 եւ 7-ից բարձր տարիքի երեխաների համար: Ամսագրում արեւելահայերենով եւ արեւմտահայերենով կան պոեմներ, հանելուկներ, երգեր, կոմիքսներ, խոհարարական բաղադրատոմսեր, մանկական գիտական հոդվածներ եւ այլ մանկական թեմաներով նյութեր»,- նշված է «Երկրամաս» կայքում:

Ամսագրի խմբագիր Ջուլիեթ Դավթյանը, ով նաեւ մանկավարժ է եւ մանկական դաստիարակության ու հոգեբանության ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետ, համոզված է, որ «Չնայած ճգնաժամային շրջանին` այս պարբերականը հաջողություն կունենա, եւ ծնողներն իրենց երեխաների համար ուրախ կլինեն, որպիսի բաժանորդագրվեն ամսագրին»: