Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ: Ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ, ներառում է Բավրա, Գոգավան, Բագրատաշեն անցակետերի արդիականացումը, սակայն այն չի նախատեսում շինարարական հրապարակից դուրս գտնվող նոր ինժեներական ցանցերի (գազ, էլեկտրականություն, օպտիկամանրաթելային համակարգ) տեղադրում:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել տեղափոխել «Բավրա» անցակետի տեղակայման վայրը` քանի որ Վրաստանի տարածքում արդեն մեկնարկել է «Նինոծմինդա» անցակետի շինարարությունը, իսկ հայկական անցակետի դիրքը պետք է համահունչ լինի դրան:
Հայաստանի կառավարությունն, այսօր` դեկտեմբերի 20-ին, հավանություն տվեց «Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող Բավրա եւ Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացման» ծրագրին, որը նույնպես պետք է իրականացվի UNDP-ի օժանդակությամբ:





























