Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հատարարել է, որ անձնական թիկնապահների կարիք չունի՝ մեկնաբանելով Պետական պահպանության ծառայությունը կառավարության ենթակայության տակ մտցնելու ծրագրերը, ինչպես նաեւ Քութայիսում տեղի ունեցած վերջին պատահարը, երբ նրա շքախմբի ուղղությամբ քարեր էին նետել:
«Ոստիկանությունը երեկ ներողություն է խնդրել, քանի որ նրանք հանձնարարություն են ունեցել... հնարավորություն տալ կոնկրետ կուսակցության ակտիվիստներին նախագահի դեմ ինչ-որ բան անել։ Երեկ նրանք տեսան, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվել, եւ հիմա խորհրդարանում օրենք են ընդունում՝ նախագահին զրկել անձնական թիկնապահներից։ Թող վերացնեն պահպանությունը։ Այն պետք է նրան, ով ընդունում է այդ օրենքը»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին հայտարարել է Սահակաշվիլին՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ հավելելով, որ ինքն իր ժողովրդից պաշտպանվելու կարիք չունի։
Ավելի վաղ, Քոբուլեթիում՝ տեղի սաքրեբուլոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Սահակաշվիլին խոստացել էր շարունակել «ժողովրդի մեջ դուրս գալ» եւ ազատ շրջել, նույնիսկ եթե նրան զրկեն թիկնապահներից եւ զրահապատ մեքենաներից։ «Ոչ ոք չի հասնի նրան, որ ես հրաժարվեմ երկրում շրջագայություններից եւ մարդկանց հետ հանդիպումներից։ Ամեն օր ես կլինեմ ժողովրդի մեջ՝ ինձ հարկավոր չեն ո՛չ թիկնապահներ, ո՛չ էլ զրահապատ մեքենաներ եւ ուղղաթիռներ։ Թող ամեն ինչ խլեն, ես ոտքով կգնամ»,- հատարարել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Քութայիսում ընդհարում է եղել նախագահի «Միասնական ազգային շարժում»-ի պատգամավորների եւ «Վրացական երազանք»-ի կողմնակիցների միջեւ։ Ամբոխը քարեր է նետել նախագահական շքախմբի վրա։ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով Քութայիսում նախագահական շքախմբի վրա հարձակումը, կոչ է արել իրավապահ մարմիններին՝ «անհապաղ հետաքննել պատահարը»։
Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանն սկսել է քննարկել օրինագիծը, ըստ որի պետանվտանգության հատուկ ծառայությունն անցնում է վարչապետի ենթակայության տակ։




























