Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընդունել է գաղութացման ընթացքում ալժիրցիների կրած տառապանքները, սակայն պաշտոնական ներողություն չի խնդրել՝ չնայած որ նախագահից հենց դա էին ակնկալում: Ըստ Օլանդի՝ Ալժիրի ժողովուրդը 132 տարի շարունակ գտնվել է «դաժան եւ անարդար համակարգի տիրապետման տակ»:
Օլանդը հայտարարել է, որ «պատմական ճշմարտությունը պետք է իմանալ, սակայն այն ապագայի ճանապարհին չպետք է խոչընդոտ դառնա»: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել երկու երկրների հարաբերությունները եւ առեւտրի նոր դարաշրջան սկսել, հայտնում է «Ռոսբալտը»:
Միաժամանակ, ինչպես նշվում է, պետության ղեկավարը պաշտոնական ներողություն չի խնդրել գաղութային անցյալի համար, որը նրանից ակնկալում էին Ալժիրի մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնք Ֆրանսիային կոչ էին արել ներողություն խնդրել կես դար առաջ ավարտված «գաղութատիրական ժամանակաշրջանի հանցագործությունների» համար:
Նախորդ դարի կեսերին Ֆրանսիայից Ալժիրի անկախացման պատերազմի ընթացքում զոհվել էին հարյուր-հազարավոր մարդիկ:




























