Հայաստանի բնակչության 49%-ն առաջիկա նախագահական ընտրություններին իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 21%-ը` Գագիկ Ծառուկյանին, 6%-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5-ական տոկոս՝ կհասներ Ռոբերտ Քոչարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ասաց  Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն, նշելով, որ  հարցումները իրականացվել են ամբողջ հանրապետության տարածքում` կանանց եւ տղամարդկանց համապատասխան տարիքային խմբերի միջեւ:

Հարցվածների ձայները ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ հավասարաչափ են բաշխվել։ Նրանց 1/3-ը ասել է, որ չի մասնակցի ընտրություններին, 1/3-ը պատասխանել է, որ, հավանաբար, կմասնակցեն, իսկ մյուս 1/3-ը հաստատել է ընտրություններին մասնակցելու իր ցանկությունը:

«Հարցվածները ընտրություններին չմասնակցելը բացատրել են երկու հանգամանքով: Նախ, նրանք ասել են, որ իրենց մասնակցությամբ և քվեարկությամբ ոչ մի հարց չեն լուծում, հետո էլ երկրորդ պատճառը եղել է թեկնածուների դեռ հայտնի չլինելը»,-ասաց Ռասա Ալիշաուսկիենեն:

Հարցման ընթացքում տրվել է հարց, թե ում օգտին ընդհանրապես չեն քվեարկի: Հարցվողների 39%-ը ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին երբեք չեն քվեարկի, 16%-ը` Արթուր Բաղդասարյանի, 12%-ը` Ռոբերտ Քոչարյանի, 11%-ը` Սերժ Սարգսյանի:

Քաղաքական գործիչների վարկանիշի վերաբերյալ հարցվողների 72%-ը դրական կարծիք է հայտնել Գագիկ Ծառուկյանի մասին, 61%-ը` Սերժ Սարգսյանի, 49%-ը` Ռոբերտ Քոչարյանի:

Հարցվողների 21%-ը, ովքեր հայտնել են, որ պատրաստ իրենց ձայնը տալ Գագիկ Ծառուկյանին, նրա չառաջադրվելու դեպքում ասել են, որ իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` համապատասխանաբար 36%, 13% եւ 9%:

Հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 38%-ը ասել են, որ քիչ են հետաքրքրված քաղաքականությամբ, 28%-ը` միջին հետաքրքրվածություն են հայտնել, իսկ 36%-ը ասել են, որ հետաքրքրությունը բարձր է:

Ինչպես հայտնեց Ռասա Ալիշաուսկիենեն, ամբողջ հարցման արդյունքներով առավել ակտիվ քաղաքական դիրքորոշում են ցուցաբերել տղամարդիկ:

«Երեւանում մարդիկ ավելի տեղեկացված են եղել, քան մարզերում: Ընդհանրապես, հարցվողները նշել են, որ իրենց համար ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում հեռուստատեսությունը, բարեկամները եւ ընկերները, ինտերնետը. նման պատասխան են տվել հարցվողների համապատասխանաբար 90%, 41% եւ 28%-ը»,- ասաց Ռասա Ալիշաուսկիենեն:

Նշենք, որ հարցումներն իրականացվել են «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի եւ Gallup Organization-ի հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքներում։ Հարցումն իրականացվել է մինչեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններից հրաժարվելու մասին հայտարարությունը, որն արվեց դեկտեմբերի 12-ին։ Հետազոտությունն անցկացվել է դեկտեմբերի 5-14-ը, երբ դեռ հայտնի չէր նախագահի որեւէ թեկնածու։

Հավելենք, որ սոցիոլոգիական հարցումը երեք փուլից է բաղկացած լինելու` դեկտեմբերին, հունվարին եւ ընտրարշավի վերջին:

 

Լուսանկարը` Արսենի Սարգսյանի/NEWS.am