Հյուսիսային Կորեան «բարդ» փորձություն է Հարավային Կորեայի անվտանգության համար, հայտնել է երկրի նորընտիր նախագահ Պակ Կըն Հեն: Նա նաեւ ԿԺԴՀ-ի իշխանություններին «վստահության հիմքով կառուցված» երկխոսության կոչ է արել:
Այցելելով երկրի նախկին առաջնորդների գերեզման՝ Պակը հայտնել է Կորեական թերակղզում «նոր դարաշրջան սկսելու» մտադրության մասին:
«Ես կկատարեմ Կորեական թերակղզում նոր՝ հուսալի անվտանգության եւ դիվանագիտության վրա հիմնված, վստահության հիմքով կառուցված դարաշրջան սկսելու իմ խոստումը», - ասել է նա:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանել Պակի հաղթանակը, թեեւ ավելի վաղ նրա կուսակցության ներկայացուցիչներին անվանել էին «մոլագարներ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Պակը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում եւ դարձել երկրի առաջին կին նախագահը: Պակը, որի հայրը՝ Պակ Չոն Հին, Հարավային Կորեան ղեկավարել է 1961-1979թթ., սեպտեմբերին ներողություն էր խնդրել իր վարչակարգի օրոք մարդու իրավունքների խախտման համար: Նա հակասական կերպար է. շատերի կարծիքով նրա կառավարման տարիներին են դրվել հարավկորեական «տնտեսական հրաշքի» հիմքերը, սակայն միեւնույն ժամանակ երկրում դաժանորեն ճնշվել է այլախոհությունը:




























