Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «վատ քրիստոնյա» է համարում, քանի որ ճիշտ չի համարում ապտակելու դեպքում երկրորդ այտը դեմ տալ, այլ նախընտրում է պատասխանել, այդ թվում միջազգային հարաբերություններում:

«Եթե մեզ ապտակում են, պետք է պատասխանել, հակառակ դեպքում մեզ միշտ կապտակեն»,-ասել է նա՝ անդրադառնալով Ռուսաստանում հակաամերիկյան հռետորությանը վերաբերող հարցին: ՌԴ նախագահը նշել է, որ «հակաամերիկյան, հակաարեւմտյան եւ այլ հակահռետորությունը միշտ էլ վնասակար է», բայց հավելել, որ երկրորդ այտը դեմ տալու մասին քրիստոնեական պատվիրանին հետեւելուն ինքը «դեռ բարոյապես պատրաստ չէ»:

«Սա մեր ընտրությունը չէ, մենք չենք սադրում, մեզ են սադրում»,-ասել է Պուտինը՝ նկատի ունենալով Պետական դումայի կողմից օրինագծի ընդունումն՝ ի պատասխան ամերիկյան «Մագնիտսկիի ակտի»:

«Համարժեք էր պատասխանը, թե՝ ոչ, ես դա պատրաստ եմ քննարկել... Բայց մենք շահագրգռված չենք վատացնել մեր հարաբերությունները որեւէ մեկի հետ»,-ընդգծել է նա: