ՄԱԿ-ի ԱԽ-ն արտոնել է Մալիում խաղաղարարական ուժերի տեղակայումը՝ երկրի հյուսիսն իսլամիստ ծայրահեղականներից ազատագրելու համար: Ընդունված բանաձեւում ընդգծվում է, որ խաղաղարարները կգործեն` «հարգելով երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միասնականությունը»:
Փաստաթուղթը թույլատրում է «Մալիում Աֆրիկական միջազգային աջակցության առաքելության տեղակայումը նախնական մեկ տարի ժամանակահատվածով, 3300 հոգանոց անձնակազմով»:
Զորքերի խնդիրն է Մալիում բանակին աջակցելը` «ջանալով վերադարձնել հյուսիսային շրջանները, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ», եւ ծայրահեղական խմբավորումների, այդ թվում` «Ալ Կաիդայի» սպառնալիքին դիմակայելը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթում չեն նշվում տեղակայման ժամկետները, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ-ի մի շարք դիվանագետներ լրագրողներին հայտարարել էին, որ գործողությունը կսկսվի 2013թ. երկրորդ կեսից ոչ շուտ:
Մալիում հակամարտությունը ծագել էր մարտի կեսերից, երբ մի խումբ զինվորականներ Բամակոյում զինված ապստամբություն էին բարձրացրել: Դրանից օգտվել էին տուարեգները եւ ծայրահեղական իսլամիստների զինված խմբավորումները, որոնք գործում են երկրի հյուսիսում: Նրանք գրավել եւ շարունակում են վերահսկել Թիմբուքթու կենտրոնով ընդարձակ տարածքը:




























