WikiLeaks կայքը կհրապարակի փաստաթղթերի հերթական շարքը, որոնց բովանդակությունը  «կվերաբերի ամբողջ աշխարհի երկրներին»: Նման հայտարարությամբ է հանդես եկել աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

Նա իր կողմնակիցներին դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից, որտեղ գտնվում է արդեն կես տարի: WikiLeaks-ի հիմնադիրը հայտարարել է, որ 2013թ. կայքը կհրապարակի ավելի քան  միլիոն փակ փաստաթուղթ, որոնք ներկայումս պատրաստվոմ են հրապարակման: 

Agence France-Presse-ին վկայակոչելով`lenta.ru-ն հայտնում է, որ Ասանժին լսելու էին եկել  շուրջ հարյուր համակիրներ եւ լրագրողներ: Ասանժը նշել է, որ վերջերս Պենտագոնը Wikileaks կայքի գոյությունն անվանել է  «շարունակվող հանցագործություն», հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ասանժը 2012թ. հունիսի 19-ից հետո քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, քանի որ անգլիական դատարանը վճռել էր  նրան հանձնել Շվեդիային, որտեղ մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություններում:  Ասանժը կարծում է, որ Սթոքհոլմը հետագայում կարող է իրեն ԱՄՆ  արտահանձնել, որտեղ նրան առաջադրվել են գաղտնի տեղեկության հրապարակման եւ լրտեսության մեղադրանքներ: Օգոստոսին Էկվադորն Ասանժին պաշտոնապես քաղաքական ապաստան էր տրամադրել: