Կոնեկտիկուտի դպրոցում մեկ շաբաթ առաջ սպանված 20 երեխաների եւ վեց մեծահասակների հիշատակին «համացանցային լռության» րոպե կանցկացվի: Առավոտյան ժամը 09.30-ին (Երեւանի ժամանակով՝ 18.30) հարյուր հազարից ավելի կայքեր եւ անձնական էջեր հինգ րոպեով «կսառեն»: Կայքերի գլխավոր էջին նկար կհայտնվի՝ «Ազգային լռության րոպե» մակագրությամբ:

Այդ գաղափարի նախաձեռնողն է խոշոր գործարար Ռոն Քոնուեյը, նրան են միացել Huffington Post կայքը, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգչուհի Բրիտնի Սփիրսը, դերասաններ Թոմ Քրուզը, Ջեսիքա Բիլը, Էվա Լոնգորիան, հայտնում  է«ՌԻԱ Նովոստին»:

«Խնդրում ենք, աջակցեք Սենդի Հուկի դպրոցում սպանվածների հիշատակին նվիրված ազգային լռության րոպեին», - ասված է սոցցանցերը տարբեր բարեգործական նախաձեռնությունների համար օգտագործելու նպատակով  ստեղծված  հատուկ կայքում տեղադրված հայտարարությունում: