Հյուսիսային Կարոլինա նահանգի ամերիկյան Քեմփ Լեժեն ռազմակայանի զինվորական դատարանն ամերիկացի ծովային հետեւակ, սերժանտ Ջոզեֆ Չեմբլինին դիակապղծության համար դատապարտել է 30 օրվա կալանքի եւ 2 հազ. դոլարի տուգանքի: Նրա կոչումը երեք աստիճանով իջեցրել են, հայտնում է АР-ը:

Այնինչ Չեմբլինի իրական պատիժը շատ ավելի մեղմ կլինի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նա 500 դոլար տուգանք կվճարի, իսկ կոչումը կիջեցվի մեկ աստիճանով:

Հիշեցնենք, Չեմբլինը եւ եւս չորս զինծառայողներ անարգել էին սպանված թալիբների դիակները: Հունվարին համացանցում հայտնված տեսանյութում ծովային հետեւակները միզում էին մեռածների մարմինների վրա, ինչը հանրային բուռն քննադատության տեղիք էր տվել:

Զինվորական դատարանին էին հանձնվել Չեմբլինը եւ Էդվարդ Դիպտոլան: Վերջինիս դատավճիռը դեռ չի կայացվել: Մնացած երեք զինվորականները օգոստոսին վարչական տույժերի էին ենթարկվել: