Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը փետրվարի 1-ին ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի շենքում՝ առավելապես պատասխանելու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հայկական մամուլում սուտ տեղեկություններ են տարածվել, թե կանոնակարգի հանձնաժողովի նիստի մասին բոլորը չեն ծանուցվել: Ըստ պատվիրակության ղեկավարի՝ նիստի մասին տեղեկատվությունը նախապես է տրամադրվել հանձնաժողովի անդամներին, եւ բոլորն էլ տեղյակ էին նիստից:

Իր մեղադրանքներում ավելի հեռուն գնաց ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Դրանք (Փոստանջյանի ասածները-NEWS.am) որեւէ առնչություն չունեն իրականության հետ եւ շատ բանով կապված են ընթացակարգի չիմացության հետ»,- ասել է Ռուստամյանը՝ Զարուհի Փոստանջյանին մեղադրելով ՀՅԴ-ի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու մեջ:

Ասուլիսին հետեւում էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը խոստացավ առանձին ասուլիս հրավիրել եւ անդրադառնալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին: NEWS.am-ի հետ զրույցում նա իր հասցեին արված մեղադրանքները հակիրճ՝ «բացարձակ սուտ» որակեց: