Ռուսաստանը Հարավային Օսիային միացնող Տրանսկովկասյան մայրուղին փակվել է տեղացող առատ ձյան պատճառով: Տրանսպորտի երթեւեկությունը երկկողմանի դադարեցվել է:
Ձնահոսքերի սպառնալիքով պայմանավորված՝ դեկտեմբերի 21-ի գիշերվա ժամը
00:30-ից հատուկ կարգադրությամբ դադարեցվել է Բուրոն-Ռոքի թունելի հյուսիսային հատվածի երթեւեկությունը, հայտնում է Pravda.ru-ն:
«ՕՍինֆորմը» հայտնում է, որ Բուրոն բնակավայրի շրջանում ավտոմեքենաների կուտակումներ են՝ 13 ավտոմեքենա, որոնցից մեկը՝ բեռնատար: Դրանց 25 ուղեւորների համար ապաստարան է ստեղծվել, որտեղ նաեւ տաք սնունդ կմատուցվի:
Մայրուղին Ռուսաստանը Հարավային Օսիային միացնող միակ ճանապարհն է, անցնում է լեռնային տեղանքով եւ հատում Ռոքի լեռնանցքը:
Հիշեցնենք, ռուս-վրացական սահմանին եղանակային վատ պայմանների պատճառով ավտոտրանսպորտի երթեւեկությունը հյուսիսօսական հատվածում փակվել էր դեռեւս դեկտեմբերի 15-ին:
Վրացական կողմի նախաձեռնությամբ Վերին լարսի անցակետը փակվել էր բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկության համար:
Այս պահին Խաչի լեռնանցքով անհնար է երթեւեկել:





























