Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 28-ին մեկնել է Գերմանիայի Բադեն-Վյուրտենբերգի Գերմերսհայմ քաղաք և հանդիպել այնտեղ տեղակայված հայ խաղաղապահների հետ, որոնք նախապատրաստական դասընթացներ են անցնում գերմանացի գործընկերների հետ՝ Աֆղանստան մեկնելուց առաջ: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ «Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ» անվամբ զորանոց-ուսումնական կենտրոնի հրամանատարական կազմի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հրամանատարական կազմը մանրամասն ներկայացրել է ուսումնական ծրագրերը, որոնց յուրացումը անհրաժեշտ կլինի հայ խաղաղապահներին՝ Աֆղանստանում առաջադրանքները կատարելիս: Զորամասի ղեկավարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը:

Դեսպան Մարտիրոսյանը հայ խաղաղապահներին Հայաստանի Հանրապետության գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանի անունից շնորհավորել է Հայոց բանակի տոնի կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ աֆղանական առաքելությունն իրականացնելիս: