Հրանտ Բագրատյանն այն գործիչն է, ով իր առաջադրմամբ մրցակցային մթնոլորտ կստեղծի նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ կարեւորեց, որ մրցակցությունը լինի առողջ մթոլորտում:
«Մենք ուրախ ենք, որ լինեն մրցակիցներ, որ հետագայում իրենց չմեղադրեն անմրցակից նախագահ ունենալու մեջ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով, ինքը չի կարծում, որ ՀԱԿ-ը կհամախմբվի, քանի որ ներսում խղդժություններ կան: «Լավ կլիներ, որ միավորվեին որեւէ թեկնածուի շուրջ, որ հետո իշխանությանը չմեղադրեն անմրցունակ ընտրության մեջ: Ես ցանկանում եմ, որ մեր նախագահն ընտրվի մրցունակ ընտրությունների արդյունքում»,- ավելացրեց Կարինե Աճեմյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընտրազանգվածին, նա ասաց, որ այդ ընտրազանգվածի մեծամասնությունն անցնելու է ՀՀԿ-ի կողմը: «Որովհետեւ այդ շերտում դժգհություններն այդքան մեծ չեն, որքան մեզ թվում է»,- լրացրեց Կարինե Աճեմյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլի հավանականությանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այս պահին նման հավանականություն չի տեսնում:
Ի դեպ, Կարինե Աճեմյանը Սերժ Սարգսյանի ելույթից առանձնացրեց հատկապես այն արտահայտությունը, թե չի անի մի արարք, որից մյուսներն ամաչեն եւ ցանկություն հայտնեց, որ բոլորն այդպես մտածեն:
Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քայլն արդյոք չստիպե՞ց, որ Սերժ Սարգսյանն ամաչի, Աճեմյանն ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ, բայց նշեց, որ նման դեպքեր էլի են եղել: «Ամեն մարդ պատասխանատու է հենց իր արարքի համար: Օրինակ, ես չեմ պատրաստվում որեւէ մեկի արարքի համար ներողություն խնդրել, քանի որ յուրաքանչյուրը պետք է իր արաքի համար պատասխան տա եւ որեւէ բան անելուց առաջ մտածի:
Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովում առաջացած տարաձայնություններին, նա հույս հայտնեց, որ եթերում Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Հարությունյանի հանդիպումից հետո հանձնաժողովը կշարունակի իր բնականոն աշխատանքերը:





























