Սիրիայում հայկական համայնքը գոյություն է ունեցել դեռեւս Տիգրան Մեծի ժամանակներից, հայերն այնտեղ խոր արմատներ ունեն եւ ներգրավված են տեղի հանրության կյանքին, իսկ երկիրը լքելու նրանց ուղղված կոչերը բարոյական չեն: Այդ մասին «Երկրամաս» թերթի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ, Մերձավոր Արեւելքի հարցերով մասնագետ Սեմյոն Բաղդասարովը:
Նրա խոսքով՝ հայերը, որոնք, տարբեր տվյալներով, Սիրիայի բնակչության 0,4%-5%-ն են կազմում, հիմնականում Հալեպում են բնակվում, Դամասկոսում եւ փոքր քաղաքներում, որոնցից մի քանիսում բնակչության մինչեւ 70%-ն են կազմում: «Այսօր նրանք մնացած սիրիացիների չափ զրկանքներ են կրում: Երկիրը լքելու նրանց ուղղված կոչերը, այդ թվում հայկական այլ համայնքների կողմից, բարոյական չեն, չհաշված որ տեխնիկապես անիրագործելի են: Սիրիայում հայկական համայնքը գոյություն է ունեցել դեռեւս Տիգրան Մեծի ժամանակներից, հայերն այնտեղ խոր արմատներ ունեն եւ ներգրավված են տեղի հանրության կյանքին: Նրանցից շատերը ամուսնացած են այլ հավատքի տեր անձանց հետ: Նրանց մեծամասնությունը կիլիկիահայերի հետնորդներ են, որոնք Ցեղասպանության ժամանակ արտագաղթել են դեպի հարավ: Սիրիան, ըստ էության, նրանց երկրորդ հայրենիքն է: Նրանց նախնիները կորցրել են Կիլիկիան, բարոյակա՞ն է նրանց ստիպելը, որ ինքնակամ հանձնեն երկրորդ հայրենիքը: Ըստ էության, դա դավաճանության կոչ է»,- ասել է Բաղդասարովը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ սիրիահայերը պետք է զենքը ձեռքին պաշտպանեն իրենց հայրենիքը: Նրանց մեծամասնությունն այդպես էլ վարվում է Սիրիայի մյուս քրիստոնյաների հետ միասին՝ մարոնիտների, ուղղափառ հույների, կաթոլիկ սիրիացիների: Բաղդասարովը նաեւ նշել է, որ եթե սկզբում Սիրիայի քրիստոնեական համայնքները փորձում էին չեզոք դիրք բռնել, ապա այժմ նրանց մեծ մասը պաշտպանում է կառավարությանը՝ կառավարական ուժերի կազմում մարտնչելով ահաբեկչական խմբավորումների դեմ:
«Տարօրինակ է, սակայն քրիստոնեական համարվող ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները Սիրիայում աջակցում են այն ուժերին, որոնք փորձում են ոչնչացնել քրիստոնեությունը նրա պատմական հայրենիքում: Քրիստոնեական հավատը եւ մոլորակի քրիստոնեական համայնքն առանց մերձարեւելյան քրիստոնեության նույնն է, ինչպես ծառն առանց արմատների: Նրանք արագ կչորանան: Ինձ հատկապես անհանգստացնում է Իրաքի հետ նմանությունը: Մենք տեսանք, որ քրիստոնեական համայնքները բռնապետ Սադամի օրոք ծաղկում էին, եւ նրանք ոչնչացվեցին ամերիկամետ ուժերի կողմից, որոնք նրանից հետո եկան իշխանության»,- նշել է Բաղդասարովը:




























