Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքը, որն ամերիկացիներին արգելում է որդեգրել ռուս երեխաներին: Օրենքն ընդունվեց, չնայած որ դրա դեմ 100 հազար հոգու ստորագրություն էր ներկայացվել պատգամավորներին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 420 պատգամավոր, յոթը՝ դեմ, իսկ մեկն էլ՝ ձեռնպահ:
Պետդումայի մոտ այսօր «Դիմա Յակովլեւի օրենքի» դեմ ուղղված նստացույցեր են: Շենքի մուտքի մոտ հավաքվել են 15 ակտիվիստներ՝ պաստառներով: 100 հազարից ավելի ստորագրությունները Պետդումա էր ներկայացրել «Նովայա գազետան»: Ստորագրությունները հավաքվել էին դեկտեմբերի 18-21-ին, հայտնում է BFM.RU-ն:
Rbc-ն պարզաբանում է, որ ընդունված փաստաթուղթն ուղղված է ամերիկացիների դեմ, որոնք մասնակից են ռուս քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտումներին: Փաստաթուղթը նաեւ արգելք է նախատեսում այն երկրների քաղաքացիների համար, որոնք աջակցել են «Մագնիտսկու օրենքին»:




























