Սիրիական հակամարտության կողմերը եւ մնացած երկրները պետք է հետեւեն հրադադարի եւ միջսիրիական երկխոսություն սկսելու մասին ժնեւյան պայմանավորվածություններին: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի հեռախոսազրույցի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Նախարարն ընդգծել է, որ սիրիական կողմերի հետ աշխատելիս հարկավոր է շեշտը դնել  հունիսի 30-ին Ժնեւում նախարարական հանդիպման եզրափակիչ կոմյունիկեի դրույթների  իրականացմանն այլընտրանք չլինելու վրա: Դա հնարավորություն կտա նշմարել  փակուղային իրավիճակից դուրս գալու ելքը, դադարեցնել արյունահեղությունը եւ ուժի կիրառումը, ինչպես նաեւ սկսել միջսիրիական  երկխոսությունը՝ ելնելով Սիրիայի բոլոր բնակիչների շահերից: Լավրովը նշել է, որ ոչ միայն սիրիական կողմերը, այլեւ հիմնական արտաքին խաղացողները եւս պետք է խստագույնս հետեւեն նշված հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածություններին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Բրահիմին վերահաստատել է սիրիական խնդրի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակելու պատրաստակամությունը: