Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի նավը կալանքի տակ է վերցվել Նիդերլանդներում՝ արդյունաբերական դիզայնի մասնագետ Ֆիլիպ Սթարքի կողմից ֆինանսական պահանջների պատճառով: Վերջինս պնդում է, որ պատվիրատուներն իրեն 3 մլն եվրո են պարտք:

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը, ով մահացել է նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին, այդպես էլ չէր հասցրել ծով դուրս գալ իր պատվերով կառուցված «Վեներա» նավով: Այն Ջոբսի վրա 100 մլն եվրո էր նստել, թեեւ նախապես նախատեսվում էր, որ նավի արժեքը կկազմի 150 մլն եվրո, գրում է «Վզգլյադը»:

Սթարքի շահերը պաշտպանող փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը միայն 6 մլն եվրո է ստացել, այն դեպքում, երբ նախապես խոսվել է 9 մլն եվրոյի մասին: Ամենայն հավանականությամբ, դիզայների հոնորարը նվազեցվել է նավի ընդհանուր ծախսերի նվազեցման հետեւանքով: Փաստաբանի խոսքով, քանի որ Սթիվ Ջոբսի եւ Սթարքի միջեւ մեծ վստահություն է եղել, պայմանագրում բոլոր մանրամասները չեն գրվել: Կալանավորված նավն Ամստերդամում կմնա այնքան ժամանակ, մինչեւ ողջ պարտքը չփակվի:

80 մետր երկարություն ունեցող «Վեներան» կառուցվել է Նիդերլանդներում, որի կորպուսը ալյումինից է: Նավը ծով է դուրս բերվել երկու ամիս առաջ: Նախկինում նշվում էր, որ նավի դիզայնի վրա աշխատել է անձամբ Ջոբսը, սակայն նավը պատրաստ է եղել միայն նրա մահից հետո: