Ֆրանսիացի սենատոր, Կենտրոնամետ միության անդամ Նատալի Գուլեն, ով հայ հանրությանը հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ամենամոլի հակառակորդ, վրդովված է ադրբեջանցիների կողմից իր խոսքը խեղաթյուրելու համար: Նա այն ֆրանսիացի օրենսդիրներից է, որոնք պայքարել են այդ օրենքի ընդունման դեմ, սակայն ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, սենատորը, հավանական է, կփոխի իր կարծիքն այս հարցում, եթե դատելու լինենք նրա դեկտեմբերի 20-ի նամակի բովանդակությունից՝ ուղղված հայկական «Հետք.am» կայքին:
Այդ նամակում Գուլեն հերքում է ադրբեջանական APA գործակալության կողմից իրեն վերագրված արտահայտությունները, որոնք հետագայում՝ դեկտեմբերի 17-ին, հայտնվել էին հայկական կայքում:
«Nouvelles d'Arménie»-ի համաձայն, ադրբեջանական գործակալությունը ֆրանսիացի սենատորի խոսքը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Այդ տեքստը ներկայումս օրակարգում չէ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը տեղին չի համարել նոր դեբատներ սկսելը: Ընդհանրապես, ավելի լավ է մոռանաք այդ հարցը, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը երբեք չի ընդունի այսպես կոչված, «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրենքը»:
Ըստ ադրբեջանական գործակալության, սենատորն այսպիսով կտրականապես հերքել է նոր քննարկման ու քվեարկության հնարավորությունը, ինչը սակայն, խոստացել է անել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հայկական կայքին ուղղված իր նամակում Գուլեն իր վրդովմունքն է հայտնել, որ ադրբեջանական գործակալությունը խեղաթյուրել է իր խոսքը: Իրականում, Վրաստանի Մառնեուլիի շրջանում տեղի ադրբեջանական համայնքի հետ հանդիպման ժամանակ ֆրանսիացի սենատորը հայտարարել է. «Դուք ավելի լավ է մոռանաք այդ հարցը, քանի որ այս պահին Ֆրանսիայի խորհրդարանում չկա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացմանն ուղղված փոփոխություն»:
Գուլեին ամենից շատ բարկացրել է այն, որ ադրբեջանական գործակալությունն իրեն է վերագրել «այսպես կոչված հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, այն դեպքում, երբ ինքը երբեք չի ժխտել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:
Նա նշել է, որ թեեւ ինքը դեմ է եղել այդ օրինագծի ընդունմանը, բայց «հայ համայնքը հիմքեր ունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ, ինչպես հրեաները արել են Հոլոքոստի դեպքում»: պայքար մղելու համար





























