Այս շաբաթ` դեկտեմբերի 17-21-ն ժամանակահատվածում, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 104.8 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ 2012 թ. ընթացքում առաջին անգամ, շաբաթական կտրվածքով, բանկերին հաջողվել է գերազանցել առքի 100 մլն դոլարի սահմանը: Նախորդ շաբաթվա ընթացքում բանկերը գնել էին 96.7 մլն դոլար, ինչը եւս բարձր ցուցանիշ է:
Սակայն դոլարի նկատմամբ պահանջարկը եւս բարձր է: Բանկերն իրենց փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով (ներբանկային շուկա) անցնող շաբաթվա ընթացքում վաճառել են մոտ 122 մլն դոլար` նախորդ շաբաթվա 105 մլն դոլարի համեմատ:
Աճել են նաեւ եվրոյով ու ռուսական ռուբլով իրականացվող գործարքները: Այսպես` բանկերը գնել են մոտ 9.8 մլն եվրո եւ վաճառել 9.5 մլն եվրո: Հատկապես առքի ծավալները սովորականից բարձր են:
Դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ (մոտ 83 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.9 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ շաբաթվա համեմատ դոլարային վարկերի ծավալը մոտ մեկ քառորդով նվազել է, սակայն դրամայինը փոքր ինչ ավելացել:
Շաբաթական կտրվածքով տրամադրված վարկերի ռեկորդը գրանցվել է դեկտեմբերի 3-9 ժամանակահատվածում` ավելի քան 140 մլն դոլար:




























